ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին նախագիծն

11:57 • 09.02.18

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց՝ 63 կողմ, 34 դեմ ձայներով:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ նախագծի պատասխանատուները չկարողացան նորմալ հիմնավորում բերել, թե ինչու պիտի արգելվի կամ ինչու հենց մինչև ապրիլի 1-ը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ այս բոլոր հարցերին երեկ հարակից ու հիմնական զեկուցողները պատասխան տվել են:

«Ելք»­-ից Գևորգ Գորգիսյանն էլ նշեց՝ սրանով նպաստում ենք, որ ավելի հին մեքենաներ մտնեն Հայաստան, որոնք էկոլոգիապես մաքուր չեն:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է  2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով դրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Նշենք, որ հիմնական պատճառաբանությունն այն է, որ ՀՀ ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: