Միներալնիե Վոդիում հարկադիր վայրէջք կատարած Երևան - Մոսկվա ինքնաթիռը ժամանել է Մոսկվա (թարմացված)

22:12 • 09.02.18

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Երևան-Մոսկվա չվերթը, այսօր հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում, քանի որ ուղևորուհիներից մեկին բուժօգնություն է անհրաժեշտ եղել:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վաչության մամլո քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Երևան-Մոսկվա չվերթի 51-ամյա ուղևորուհու առողջական վիճակը վատացել է, նրան բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել: Որոշում է կայացվել վայրէջք կատարել Միներալնիե Վոդիում», - ասաց Հովհաննիսյանը: 

Նա հավելեց, որ ուղևորուհին մնացել է Միներալնիե Վոդիում, իսկ օդանավն այնուհետև շարունակել է թռիչքը և ժամը 21.33-ին վայրէջք կատարել Մոսկվայում։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Մոսկվա-Գյումրի ինքնաթիռը նույնպես հարկադիր վայրէջք էր կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում՝ անկարգապահ ուղևորի պատճառով: