Արամ Աթեշյանը կրկին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ է, Բեկչյանի ընտրությունն ու բոլոր որոշումները չեղարկվում են
Արամ աքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում. նման որոշում է կայացվել պատրիարքարանի հոգևոր խորհրդի՝ այսօր կայացած արտահերթ ժողովի ընթացքում:
Նման որոշման կրոնական ժողովը հանգել է օրերս Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:
Պատրիարքարանի այսօր հրապարակած հայտարարությունում կոչ է արվում վերադառնալ 2016 թվականի հոկտեմբերի 26-ի կրոնական ժողովից առաջ եղած վիճակին՝ նշելով, որ պատրիաք Մեսրոպ Մութաֆյանի առողջական խնդիրները բավարար հիմք չեն նրան հանգստի ուղարկելու և նոր պատրիարք ընտրելու համար:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է 9 տարի շարունակ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:
2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և ձեռնամուխ էր եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը։
Այսպիսով՝ 2017 թվականի մարտի 15-ին տեղի ունեցած կրոնական ժողովի շրջանակում Պոլսո պատրիարքի նոր տեղապահի ընտրությունը, որի ժամանակ տեղապահ էր ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չեղարկվում է, ինչպես նաև չեղարկվում են Բեկչյանի տեղապահության օրոք կայացված բոլոր որոշումները:
Հիշեցնենք, որ օրերս Ստամբուլի նահանգապետարանի կողմից հրավիրված արտահերթ ժողովում պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների և հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարվել էր, որ ավելի քան 9 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որևէ նոր ընտրության հայ համայնքին գնալ չի թույլատրվի և որ պետությունը հավատարիմ է մնալու իր՝ 2010 թվականին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը:











