Թուրքիայի «քամելեոն սուլթան» Էրդողանը փորձեց գայթակղել Իտալիային, բայց սպասումները չարդարացան. իտալական լրատվամիջոցներն Էրդողանի՝ Հռոմ այցի մասին
Թուրքիայի «քամելեոն սուլթան» Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այցելելով Իտալիա, փորձեց գայթակղել երկրին՝ օգնություն խնդրելով Եվրամիությանն անդամակցության հարցում: Այս մասին գրում է իտալական Corriere della Sera-ն «Էրդողանը Հռոմում. քիչ ժպիտներ և շատ անվստահություն» վերտառությամբ հոդվածում։ Պարբերականը գրում է, որ այդ խնդրանքն այնքան էլ վստահության արժանի չէ, քանի որ Էրդողանն ինքը դրան չի հավատում և նաև այն պատճառով, որ նա գիտի, որ Եվրոպան չի կարող ընդունել մի երկրի, որը բանտարկում է ցանկացած մեկի, ով չի մտածում այնպես, ինչպես իրենց ղեկավարը:
Էրդողանը հույս ուներ իր կողմը թեքել ընտրությունների նախաշեմին իտալական որոշ կուսակցությունների, բայց այդ քայլը ծիծաղելի է քաղաքականապես թեկուզև շփոթված, բայց ոչ հիմար Իտալիայում, գրում է պարբերականը։
Թերթը, անդրադառնալով Էրդողանի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպմանը, ընդգծում է, որ Հռոմի պապն Էրդողանին չափազանց խորհրդանշական նվեր մատուցեց՝ բրոնզե մեդալյոն, որի վրա, ըստ Պապի, «խաղաղության հրեշտակն է, որը խեղդում է պատերազմի հրեշին»:
«Սուլթանը փորձեց Հռոմի պապի դրական տրամադրվածությունը շահել՝ վկայակոչելով Երուսաղեմի կարգավիճակի հարցում ընդհանուր դիրքորոշումը, բայց նա դրան ի պատասխան լսեց անկեղծ խոսքեր մարդու իրավունքների և սիրիական Աֆրինում քրդերի նկատմամբ ռմբակոծությունների մասին»,- գրում է Corriere della Sera-ն:
Il Sole 24 Ore-ն «Էրդողանի հետ երկխոսությունը հնարավոր է, բայց պետք է հարգել մարդու իրավունքները» հոդվածում գրում է, որ Թուրքիայի նախագահի այցը Հռոմ ուղեկցվեց Թուրքիայում ճնշումների և քրդերի դեմ հարձակման հետ կապված բողոքի ցույցերով և ոստիկանական ուժեղացված վերահսկողությամբ։
Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպման գլխավոր օրակարգում է եղել օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը՝ հստակ վկայակոչելով նաև լրագրողների և ոչ կառավարական կազմակերպությունների անդամների գործողությունների ազատությունը: Կայքը նշում է, որ Իտալիան շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա այդ երկրում հաստատված արտակարգ դրությունը դադարեցնելու համար: Լրատվամիջոցը նշում է, որ բացի այդ, Թուրքիայի առաջնորդի այցը ներքին քաղաքական արձագանքներ է ստացել:
«Ես ամաչում եմ, որ Իտալիան ընդունում է արյունոտ ծայրահեղական ռեժիմի, փաստացիորեն իսլամիստական երկրի ներկայացուցչի»,-Il Sole 24 Ore-ն մեջբերում է «Իտալիայի եղբայրներ» կուսակցության նախագահ Ջորջիա Մելոնիի խոսքերը:
La Stampa-ն իր հոդվածում գրում է, որ կոշտ առաջնորդ հանդիսացող Էրդողանը չէր եկել Իտալիան իր հմայքով գրավելու համար: Հռոմում իր հանդիպումների ընթացքում նա ընտրել է անկեղծության ճանապարհը, և պետք է ասել, որ նույնպիսի անկեղծության է հանդիպել: Իտալիայի նախագահի հետ հանդիպումը նկարագրվել է որպես «անկեղծ և հարգալից», ինչն այլ խոսքերով նշանակում է, որ Թուրքիայի նախագահը և Սերջիո Մատարելան հակառակ կարծիքներ են հայտնել Սիրիայի և մարդու իրավունքների վերաբերյալ: Նույն իրավիճակն է եղել նաև վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպմանը, երբ անդրադարձ է կատարվել Սիրիայում քրդական բնակավայրերի վրա թուրքական ռազմական հարձակմանը:
Նշվում է, որ Իտալիայի նախագահը քաղաքավարությամբ, բայց առանց զիջումների վերահաստատել է եվրոպական դիրքորոշումը, որից Իտալիան չի շեղվում՝ սահմանին ոստիկանական գործողությունները չեն կարող վերածվել խաղաղ բնակչության ռմբակոծման: Վարչապետ Ջենտիլոնին էլ հասկացրել է Էրդողանին, որ լրագրողների և ՀԿ-ների ներկայացուցիչների անհապաղ ազատ արձակումը լավ նշան կլիներ մարտին կայանալիք Թուրքիայի և ԵՄ-ի միջև գագաթնաժողովից առաջ:
La Repubblica-ն նույնպես անդրադառնում է Էրդողանի այցի ընթացքում երկրում անցկացված բողոքի ցույցերին։ Լրատվամիջոցը նշում է, որ բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանության միջև: Հռոմում, Վենետիկում, Նեապոլում քրդական համայնքի կազմակերպած ցույցերի ժամանակ ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել Աֆրինում Թուրքիայի սկսած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության առնչությամբ։
La Repubblican-ն իր մեկ այլ հոդվածում գրում է, որ «սուլթան» Էրդողանն անակնկալի է եկել այցի ընթացքում իրեն ցուցաբերված սառնությունից: Երկրի նախագահ Սերջիո Մատարելան և վարչապետ Պաոլո Ջենտիլոնին Էրդողանի հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել են իրավունքների, ազատությունների պաշտպանությանը և Սիրիայում պատերազմին: Այցի քաղաքական մասը չի բավարարել Էրդոդանի սպասելիքները, գրում է թերթը: Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ Էրդողանի և Հռոմի պապի միջև հարաբերությունները նախկինում էլ հարթ չեն եղել, այդ թվում նաև՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունների առնչությամբ Թուրքիայի նախագահի կոշտ արձագանքի պատճառով: Թուրքիայի նախագահը կոշտ էր արձագանքել հայտարարություններին, ինչից հետո Թուրքիան անգամ հետ է կանչել Վատիկանից իր դեսպանին: Հետո, սակայն, քաղաքականությանն իրատեսական հայացքը «սուլթանի» մոտ գերակայել է, գրում է թերթը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վատիկան կատարած այցի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հասցրել է քննարկել նաև Վատիկանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման: Էրդողանի խոսքով՝ Պապն ամբողջությամբ լսել է նրա արտահայտած մտահոգությունները:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը խոսել էր Հայոց ցեղասպանության մասին: Նա իր ելույթում այն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, դրանից հետո Վատիկանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վատացել էին։ Այդ ժամանակ Հռոմի պապի նման քայլը կոշտ քննադատության ենթարկած Էրդողանը մեղադրել էր նրան պատմական հարցը քաղաքական դաշտ բերելու համար:
Սա Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին նման այցն է Վատիկան 59 տարվա դադարից հետո: Իսկ Հռոմի պապը Թուրքիա էր այցելել 2014 թվականին:










