Ֆրանսիացի ինկասատորը մոտ 26 մլն եվրո է տվել հանցագործներին՝ իր առևանգված դստերն ազատելու համար
Ֆրանսիացի ինկասատորը ստիպված է եղել մոտ 26 միլիոն եվրո տալ հանցագործներին, որոնք Լիոնում առևանգել էին իր դստերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Parisien-ին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ չորեքշաբթի երեկոյան հանցագործները, ներկայանալով ջրմուղի աշխատակիցներ, ներթափանցել են աղջկա բնակարան ու առևանգել նրան:
Այնուհետև հանցագործները կապվել են աղջկա հոր հետ, որն աշխատում է որպես ինկասատոր Շվեյցարիայում, ու պահանջել իրենց փոխանցել նրա մեքենայում առկա կանխիկ գումարը՝ աղջկան վերադարձնելու պայմանով:
Հանդիպումը տեղի է ունեցել Շվեյցարիայում: Ինկասատորը 15-30 միլիոն շվեյցարական ֆրանկ է փոխանցել առևանգողներին (13-26 միլիոն եվրո): Դրանից հետո ժանդարմները գտել են աղջկան ֆրանսիական Տրամուա կոմունայում:
Նշվում է, որ Ֆրանսիայի ոստիկանությունն անցկացնում է տեղի ունեցածի հետաքննությունը:










