Բոստոնում կկայանա Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան

22:31 • 09.02.18

ԱՄՆ-ում փետրվարի 17-ին կկայանա ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի բոստոնյան պրեմիերան:

Ինչպես հաղորդում է The Armenian Weekly-ն, ֆիլմը ցուցադրվելու է Բոստոնի Չարլզ Մոսեսյան մշակույթի և երիտասարդության կենտրոնում: Ֆիլմի ցուցադրությանը կհետևի հարց ու պատասխանի երեկոն ռեժիսորի հետ: 

«Վերջին բնակիչը» կինոնկարը հոկտեմբերին հաղթել է Հելսինկիում անցկացվող Սկանդինավյան միջազգային կինոփառատոնի «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում: Այս փառատոնում ֆիլմը ևս մեկ մրցանակ է շահել. «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆիլմում հանդես եկող Ալեքսանդր Խաչատրյանը:

Ֆիլմը, որի սցենարիստները Ծովինար Խաչատրյանն ու Մասիս Բաղդասարյանն են, կենտրոնանում է Աբգարի կերպարի վրա, ով շարունակում է ապրել Արցախի իր գյուղում, որի բնակիչները ստիպված են հեռանալ պատերազմի պատճառով: