Մադրիդում «Քաղցած խաղեր» ֆիլմի մոտիվներով և վիրտուալ իրականության ատրակցիոններով այգի կբացվի

17:57 • 09.02.18

Գիտաֆանտաստիկ ժանրի երկրպագուներն Իսպանիայում շուտով հնարավորություն կունենան այցելելու սիրված ֆիլմաշարերի աշխարհն ու դառնալ դրանց հերոսներից որևէ մեկը:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ամերիկյան Lionsgate ընկերությունը և ժամանցային ծառայություններ մատուցող Parques Reunidos իսպանական օպերատորը Իսպանիայում թեմատիկ այգի են բացելու, որը համալրված կլինի «Քաղցած խաղեր», «Դիվերգենտ» և «Մթնշաղ» ֆիլմերի մոտիվներով կառուցված ատրակցիոններով:

Նոր ժամանցային կենտրոնը, որի բացումը նախատեսված է իրականացնել 2020-ին, տեղակայված է լինելու Մադրիդի Principe Pio առևտրային համալիրի մոտակայքում:

Նախագծի մանրամասները դեռևս գաղտնի են պահվում, սակայն արդեն հայտնի է, որ այգու տարածքում տեղադրվելու են վիրտուալ իրականության ատրակցիոններ:

Մադրիդն այսպիսով կդառնա երկրորդ քաղաքը, որտեղ կբացվի Lionsgate Entertainment City զվարճանքների կենտրոնը: Առաջին նմանօրինակ կենտրոնի բացումը տեղի կունենա հաջորդ տարի Նյու Յորքում: