Մոսկվայում ձերբակալված խոշոր գործարար Օլեգ Մկրտչյանը պատրաստ է մատնել հանցակիցներին՝ մեղմ պատժի դիմաց. life.ru

14:32 • 09.02.18

«Внешэкономбанк»-ի խոշոր վարկի յուրացման կասկածանքով օրերս Մոսկվայում ձերբակալված ուկրաինաբնակ հայ գործարար, «Դոնբասի արդյունաբերական միություն» կորպորացիայի ղեկավար Օլեգ Մկրտչյանը հայտարարել է, որ պատրաստ է պատմել ՌԴ քննչական կոմիտեին խարդախությունների և դրանց հանցակիցների մասին՝ մեղմ ժամկետի դիմաց, հայտնում է life.ru-ն՝ վկայակոչելով Mash թելեգրամ-ալիքին:


ՌԴ քննչական կոմիտեին առաջարկված գործարքի դեպքում Օլեգ Մկրտչյանը պատրաստակամություն է հայտնել մատնել իր բոլոր հանցակիցներին, որոնք 2009 թվականին օգնել են նրան յուրացնել բանկի բազմամիլիոնանոց վարկերը և դրանք հանել երկրի սահմաններից դուրս:


Քննչական կոմիտեում life.ru-ի աղբյուրների կարծիքով՝ գործարարը պատրաստ է քննությանը հայտնել ռուս պաշտոնյաների և բանկի ներկայացուցիչների անունները, որոնք ներգրավված են եղել խարդախություններին:

 


Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայում փետրվարի 7-ին ձերբակալվել է Դոնբասի հայ խոշոր գործարարներից Օլեգ Մկրտչյանը: Իսկ փետրվարի 8-ին Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը կալանավորել է նրան մինչև 2018 թվականի ապրիլի 5-ը:


Life.ru-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն «Դոնբասի արդյունաբերական միություն» կորպորացիայի ղեկավարին ներկայացրել է առանձնակի խոշոր չափերի հետ կապված կամ կազմակերպված խմբի կողմից իրականացված խարդախության հոդվածով մեղադրանք:


Օլեգ Մկրտչյանին ներկայացված մեղադրանքները կարող են կապված լինել 2009 թվականին ռուսական «Внешэкономбанк»-ի կողմից կորպորացիային զարգացման և Ուկրաինայում ու ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում տարբեր նախագծերի համար տրամադրված միջոցների յուրացման հետ:


«Քննության վարկածով՝ այդ միջոցների մի մասը երկրից դուրս է հանվել Կիպրոսում և Վիրջինյան կղզիներում օֆշորային ընկերությունների միջոցով և գողացվել է Մկրտչյանի անձնական հարստացման համար»,- ասել է life.ru-ի աղբյուրը քննչական մարմիններում:


Քննությունը կարծում է, որ 2009 թվականին «Դոնբասի արդյունաբերական միություն» հոլդինգն ավելի քան 100 միլիոն դոլար է ստացել բանկից Կրասնոդարի Արմավիր քաղաքում գործարանի կառուցման, ինչպես նաև հոլդինգի ուկրաինական ձեռնարկությունների վերակառուցման համար: 


Բացի այդ, Մկրտչյանը 2009 թվականին բանկից ևս մոտ 8 միլիարդ դոլար է ստացել որպես ձեռնարկության բաժնետոմսերի 50 տոկոսի համար վճար: Քննիչների կողմից ներգրավված փորձագետները, սակայն, բաժնետոմսերի փաթեթը երկու անգամ էժան են գնահատել: «Ստացվում է, որ պարոն Մկրտչյանը պարզապես մոտ 4 միլիարդ դոլար է հափշտակել բանկիրներից»,- ասել են քննիչները:


Նշենք, որ Օլեգ Մկրտչյանին է պատկանել հայկական ֆուտբոլային «Բանանց» ակումբը, նա ներգրավված է եղել Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի կառավարմանը և օգնել է ռուսական «Կուբանին»: Հաղորդվում է, որ Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի ժամանակ գործարարը ստացել է 27,5 միլիոն եվրո, քանի որ խաղացողի իրավունքի 50 տոկոսը պատկանում էր նրան: