Պուտինը Դաղստանում վերադասավորումներ է անում՝ ընտրություններին աջակցությունն ամրապնդելու համար. Sueddeutsche Zeitung

15:06 • 09.02.18

ՌԴ նախագահական ընտրություններին ընդառաջ Մոսկվան դաշնության կազմի մեջ մտնող Դաղստանի Հանրապետությունում էլիտաների վերադասավորում է անում: Հին ղեկավարության ներկայացուցիչները չնայած անցյալում ընտրությունների հեքիաթային արդյունքներ էին ապահովում, սակայն դժգոհություն առաջացնող բացահայտ կոռուպցիայի պատճառով նրանց հեռացումը կարող է մեծացնել Վլադիմիր Պուտինի օգտին իսկապես քվեարկողների թիվը, գերմանական Sueddeutsche Zeitung-ում գրում է Յուլիան Հանսը:


Հոդվածագիրը գրում է, որ այս շաբաթ Դաղստանում անցած հրաժարականների ալիքը հասել է գագաթնակետին: Ձերբակալվել են կառավարության ղեկավարը, նրա երկու տեղակալները և կրթության նախկին նախարարը:


Նշվում է, որ էլիտայի փոփոխությունը սկսվել է անցյալ տարվա աշնանը երկրի ղեկավար Ռամազան Աբդուլատիպովի հրաժարականով, նրա փոխարեն Մոսկվան նշանակեց Վլադիմիր Վասիլևին: Նոր ղեկավարը «չի պատկանում Դաղստանում որևէ ազգային խմբի»: «Այն փաստը, որ նախագահը ղեկավար նշանակեց դրսից մեկին, ընդունվեց որպես խոշոր վերադասավորումների նախանշան», գրում է հեղինակը:


1990-ական թվականներից ի վեր աշխատանքից հեռացումների և ձերբակալությունների ամենախոշոր ալիքը կարող է ամրապնդել տարածաշրջանում Պուտինի իրական աջակցությունը: Այժմ խաղից հանվում են հին կոռումպացված էլիտաները, իսկ նոր ներկայացուցիչները մինչև մարտի 18-ը չեն հասցնի առաջացնել բնակիչների դժգոհությունը: Դա համապատասխանում է Պուտինի չորրորդ մանդատի համոզիչ աջակցության ձեռքբերման Մոսկվայի ռազմավարությանը՝ այս անգամ կեղծումների շուրջ նվազագույն սկանդալներով: