Ամերիկյան սենատն ընդունել է կառավարության աշխատանքը վերսկսելու մասին օրինագիծը. Politico

12:59 • 09.02.18

ԱՄՆ Սենատն ուրբաթ առավոտյան ընդունել է 2018-2019 ֆինանսական տարվա դաշնային բյուջեի մասին օրինագիծը, որը թույլ կտա ավարտել կառավարության աշխատանքի դադարեցումը և երկարաձգել կառավարական գերատեսչությունների ֆինանսավորումը մինչև մարտի 23-ը, հայտնում է Politico-ն:


Լրատվամիջոցի տվյալներով՝ օրինագծի օգտին են քվեարկել անհրաժեշտ թվով սենատորներ: Այժմ օրենքի նախագիծը կդրվի քվեարկության Ներկայացուցիչների պալատում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը վերջին 3 շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ անգամ դադարեցրել է աշխատանքը, քանի որ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականներին նորից չի հաջողվել համաձայնության գալ բյուջեի օրինագծի շուրջ:


Նախորդ ժամանակավոր բյուջետային համաձայնագրի ժամկետը լրացել է ուրբաթ կեսգիշերին:


Հիշեցնենք, որ ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր այս տարվա հունվարին: Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար հանրապետականները խոստացել էին դեմոկրատներին ուսումնասիրել ներգաղթյալներին չարտաքսելու հարցը: