Կիմ Չեն Ընի քույրը ժամանել է Հարավային Կորեա
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, բարձրաստիճան պատվիրակության կազմում ժամանել է հարավկորեական Ինչհոն օդանավակայան, հայտնում է ria.ru-ն:
Պատվիրակությունը գլխավորում է Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովի նախագահության նախագահ Կիմ Յոն Նամը, որը համարվում է երկրի «արարողակարգային» ղեկավարը:
Աղբյուրը նկատում է, որ հյուսիսկորեական 22 հոգանոց պատվիրակության անդամներից առանձնակի ուշադրության տակ է Կիմ Չեն Ընի քույրը, որը հայրենիքում պատասխանատու է քարոզչության հարցերի համար:
Ակնկալվում է, որ հյուսիսկորեական պատվիրակությունը կմեկնի Փհոնչհան, որպեսզի մասնակցի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետև Կիմ Յոն Նամը Հարավային Կորեայի նախագահի հրավերով կմասնակցի հանդիսավոր ընթրիքի, որին ներկա են լինելու նաև Միացյալ Նահանգերի փոխնախագահ Մայք Փենսն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
Հիշեցնենք, որ Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա փետրվարի 9-ին: Մարզական միջոցառումները կանցկացվեն մինչև փետրվարի 25-ը:










