Քսենիա Սոբչակը պատմել է կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին

12:31 • 09.02.18

Ռուսաստանի «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ ընտրություններում նրա նպատակը կուսակցություն ստեղծելն է, որը կմիավորի մարդկանց և կկարողանա մասնակցել Պետդումայի ընտրություններին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ձայների տոկոսների մասին խոսակցություններն անիմաստ են, որովհետև ամբողջ համակարգը թափանցիկ չէ… Այդ տեսանկյունից տոկոսներն ինձ համար կարևոր չեն»,- ասել է Սոբչակը՝ ելույթ ունենալով Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում:


«Բայց մենք կարող ենք նոր շարժում սկսել, ցույց տալ, որ շատ մարդիկ համաձայն չեն… Կա հնարավորություն տարբեր բաներ խոսել դաշնային հեռուստատեսությամբ բանավեճերի ժամանակ, այդ ժամանակը մեզ պարտավոր են տրամադրել»,- հավելել է նա:


Սոբչակը չի բացառել, որ նման շարժումը կարող է մասնակցել Պետդումայի և այլ ընտրություններին:


«Ինձ համար նախագահական ընտրությունները միայն սկիզբն են: Իսկական նպատակը տոկոսները չեն, այլ կուսակցության, շարժման ստեղծումը: Իմ նպատակն է ստեղծել շարժում, որը կմիավորի մարդկանց, կհայտարարի, որ կա ընդդիմության կոալիցիա, և առաջ կշարժվի»,- ասել է Սոբչակը:


Նա նաև նշել է, որ ցանկանում է պայմաններ ստեղծել էմիգրացիայից երիտասարդ ռուսների վերադարձի համար: Նրա խոսքով՝ դա պետք է անել ոչ թե սպառնալիքներով, այլ տնտեսական իրավիճակը բարելավելով: