Սոբչակը կիսվել է Թրամփի հետ «աղոթքի նախաճաշի» տպավորություններով

13:41 • 09.02.18

ՌԴ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը կիսվել է Վաշինգտոնում անցկացված «աղոթքի նախաճաշի» մասին տպավորություններով, որին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սոբչակի խոսքով՝ ինքը չի հավանել միջոցառման ձևաչափը:

«Անհետաքրքիր է, անիմաստ ճառեր են: Այս բոլոր ելույթների մեջ իմաստ չկա: Նստած են մարդիկ, որոնք նույնիսկ չեն կարող շփվել: Այնտեղ շատ են պետական գործիչները: Թվում է՝ լավ հարթակ է շփվելու համար, սակայն պաշտոնական ու ոչ մի նշանակություն չունեցող ճառերի անվերջ հոսքի պատճառով ոչ ոք չի կարողանում դա անել», - ասել է Սոբչակը:

Պատասխանելով լրագրողների՝ Թրամփի հետ հանդիպումից ունեցած տպավորությունների մասին հարցին՝ նա ասել է, որ դրանք չկան։

«Ես այլ հանդիպումներ եմ ունեցել», - պարզաբանել է նա:

Հիշեցնենք, որ Քսենիա Սոբչակը հրավերով է մասնակցել «աղոթքի նախաճաշին»:


Ավելի վաղ ելույթ ունենալով Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանում՝ Սոբչակն ասել էր, որ Ռուսաստանը դրախտ է կոռումպացված պաշտոնատար անձանց համար։


Նախօրեին հաղորդվել էր, որ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության կողմից առաջադրված Քսենիա Սոբչակին և «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցության կողմից առաջադրված Մաքսիմ Սուրայկինին որպես նախագահի թեկնածուներ։ 


ՌԴ նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին: