HSBC բանկի աշխատակիցը մեղադրվում է 23 մլն 428 հզր ՀՀ դրամ հափշտակելու մեջ
HSBC բանկի աշխատակիցը մեղադրվում է 5 տարվա ընթացքում 23 մլն 428 հզր ՀՀ դրամ հափշտակելու մեջ:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից: Գործն ուղարկվել է Երևան քաղաքի դատարան և ընդունվել Մնացական Մարտիրոսյանի վարույթ:
Արման Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով HSBC բանկի աշխատակից, 2012թ. դեկտեմբերից մինչև 2017թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ապօրինաբար տիրացել է նույն բանկի անկանխիկ գործառույթների բաժնի մի շարք ներկայիս և նախկին աշխատակիցների բանկային ծրագրի մուտքի և փոխանցումներ կատարելու հնարավորություն տվող օգտատիրոջ անուններին և գաղտնաբառերին: Դրանք օգտագործելով իր աշխատանքային համակարգչով, բանկի այդ աշխատակիցների անուններով մուտք է գործել համակարգ և բանկի մի շարք հաճախորդներից միջնորդավճարներ է գանձել, այլ գործարքներ է կատարել ու համակարգչային տեխնիկայի գործադրմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով` 23 մլն 428 հզր. ՀՀ դրամ 72 գործարքների արդյունքում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հափշտակություն առանձնապես խոշոր չափերով:
Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:










