Շարժական լուսանկարահանող-արագաչափերի կիրառման դեպքում բախվելու ենք իրավական խնդիրների հետ. փաստաբան (տեսանյութ)

12:14 • 10.02.18

«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը և փաստաբան Գևորգ Դավթյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձան ճանապարհային ոստիկանության կողմից  շարժական լուսանկարահանող-արագաչափերի կիրառմանը:

Դավիթ Պեդանյանն ասաց, որ այդ սարքերը իրենք չեն տեսել և նույնիսկ վարկած կա, որ դա իրականում հորինվածք է, որի նպատակը վարորդներին զսպելն է: «Ճանապարհային ոստիկանությունը նշել է, որ կիրառելու են շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք և ենթադրում ենք, որ դա մեկն է»,-ասաց նա:

Նա նշեց, որ զգուշացնող նշան չի լինելու,  թաքնված արագաչափ է լինելու և տուգանվելու է արագությունը գերազանցող ցանկացած վարորդ: Նա մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է ոստիկանությունը «ճոխացրած թվեր» ներկայացնի, կամ կամայական մոտեցում ցուցաբերի և ում ուզի տուգանի, ում ուզի չտուգանի: 

«Այս քալով ճանապարհային ոստիկանությունը ցույց տվեց, որ դրանից առաջ կիրառված արագաչափերը արդյունավետ չէին, իրենց նպատակին չէին ծառայել և հանդիսացել են փող աշխատելու միջոց»,-ասաց Դավիթ Պեդանյանը: Իր անձնական կարծիքով արագաչափերը անվտանգություն չի ապահովում և վարորդներին զսպելու համար է: Ըստ նրա վթարներից խուսափելու համար պետք է խստացվի վարորդական իրավունքի տրամադրումը և վերացվի կոռուպցիան:

Գևորգ Դավթյանը նշեց, որ այդ տեսախցիկների տեղադրման դեպքում բախվելու ենք լուրջ իրավական խնդիրների հետ: «Ցանկացած պատասխանատվության հիմնական նպատակը ոչ թե տուգանելն է, այլ վերադաստիարակելը: Եթե տեսախցիկը գաղտնի է, ապա նպատակը լինում է տուգանելը, լրացուցիչ գումանր աշխատելը: Պետք է դիտարկել, թե ինչ իրավական հիմնավորումներով են դրանք տեղադրելու և նաև մտնում են մարդու անձնական տիրույթ»,-ասաց նա:

Ըստ նրա՝ հոգեբանական խնդիրներ ևս առաջանում է այս արագաչափերից, քանի որ վարորդի ուշադրությունը կենտրոնանում է ավելի շատ դրանցից խուսափելու և ոչ թե վարելու մեջ և լարվածություն ու սթրես է առաջանալու: Նա կարևորեց քաղաքացիների ակտիվությունը, ակցիաների իրականացումը  և նշեց, որ կամայական մոտեցում է ցուցաբերվում և կոչ արեց ցանկացած տուգանք վիճարկել: Նա նաև վաղաժամ համարեց աջ ղեկով մեքենաների արգելքը և նշեց, որ դրան պետք է աստիճանաբար գնալ: