Նախագահությունից հետո ես միայն գումար եմ հավաքել երկսենյականոց բնակարան վարձակալելու համար. Սաակաշվիլի

14:12 • 10.02.18

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին լրագրողներին տված հարցազրույցում խոստովանել է, որ նախագահության ընթացքում կարողացել է միայն գումար հավաքել երկսենյականոց տուն վարձակալելու համար, գրում է pravda.com.ua կայքը:

Սաակաշվիլին նշել է, որ ստիպված է եղել տեղափոխվել Կիևի կենտրոնում գտնվող բնակարանից, քանի որ այլևս չի կարող այն թույլ տալ իրեն: Այժմ նա բնակվում է քաղաքի կենտրոնից հեռու՝ 22-րդ հարկում գտնվող երկսենյականոց բնակարանում:

Այս մասին քաղաքական գործիչն ասել է 5-աստղանի Fairmont հյուրանոցի մուտքի մոտ, որտեղ նրան հանդիպել են լրագրողները:

«Եթե ձեզ հետաքրքրում է՝ որքան շքեղ եմ ես ապրում, ապա ասեմ, որ ապրում եմ կետրոնից հեռու գտնվող երկսենյականոց բնակարանում ՝ 22-րդ հարկում»,-պատասխանել է Սաակաշվիլին լրագրողների այն հարցին, թե նա ինչ էր անում 5-աստղանի հյուրանոցում:

«Նախագահությունից հետո ես միայն գումար եմ հավաքել երկսենյականոց բնակարան վարձակալելու համար»,-շարունակել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ իրեն հյուրանոց էին հրավիրել արտասահմանցի «լուրջ հյուրերը»՝ թեյ խմելու համար: