Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացնում Սիրիայի կողմից իսրայելական կործանիչի ոչնչացումից հետո
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն փետրվարի 10-ին Իսրայելի և Սիրիայի միջև տեղի ունեցած սահմանային միջադեպերից հետո անվտանգության հարցով խորհրդակցություն է անցկացնում ու գործողությունները ղեկավարում իրական ժամանակի ռեժիմում:
Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ իսրայելցի զինվորականներն իրանական անօդաչու են խոցել, որն արձակվել էր Սիրիայի տարածքից և հատել իսրայելական սահմանը։ Ի պատասխան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում «իրանական» օբյեկտներին։ Խոսքն անօդաչուների կառավարման «իրանական համակարգերի» մասին է։ Այդ ժամանակ միացել է սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը։ Դրա արձակած կրակի հետևանքով Իսրայելի հյուսիսային որոշ շրջաններում միացել է օդային տագնապի ազդանշանը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Իսրայելը կորցրել է 1 հատ F-16 կործանիչ, որի երկու օդաչուներն ինքնանետվել են և տեղափոխվել հոսպիտալ։
«Դեպքերի ամենասկզբից Նեթանյահուն անվտանգության հարցով խորհրդակցություններ է անցկացնում ու իրական ժամանակի ռեժիմում ղեկավարում է գործողությունները: Նախարարների կաբինետը տեղեկացվել է դեպքերի զարգացման մասին»,-հայտնել են իսրայելական լրատվամիջոցները՝ կառավարական աղբյուրին հղումով:










