Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Բուն Բարեկենդանը, որից սկսվում է Մեծ պահքը

10:32 • 11.02.18

Փետրվարի 11-ին Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Բուն Բարեկենդանի օրն է: Այսօր բոլոր եկեղեցիներում ժամը 11:00-ին մատուցվում է Սուրբ պատարագ արդեն փակ խորանով, որից հետո նախատեսվում է բարեկենդանյան գլխավոր միջոցառում, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: 

«Այս երկու շաբաթների ընթացքում տարբեր վարչական շրջաններում, եկեղեցու բակերում համայնքների հետ միասին տեղի ունեցան բարեկենդանյան միջոցառումներ և ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա այսօր պատարագից հետո: Մարդիկ դիմակներով բարեկենդանյան խաղերով պիտի քայլեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ գլխավոր միջոցառումը տեղի կունենա ժամը 13:00-ին»,- ասաց Տեր Եսային:

Խոսելով Բուն Բարեկենդանի խորհրդի մասին՝ Տեր Եսային նշեց, որ այն մեզ հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը և Աստծո ներկայությունն ունենալու երանությունը: Նրա խոսքով՝ Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է:

«Դրախտից սկսվեց ամեն ինչ, Սուրբ գիրքը սկսվում է դրախտի ստեղծման պատմությամբ և ավարտվում նույն դրախտով, հետևաբար մեր ճանապարհն է հոգևոր առումով կորցրած դրախտը վերականգնելը, որ Պահքի հիմնական նախապայմանն է»,- ասաց Տեր Եսային:


Նրա խոսքով՝ Բարեկենդանին, ինչպես եկեղեցական որևէ այլ տոնին, մարդկանց զանգվածային մասնակցությունը միանշանակ նկատելի է և Բարեկենդանին մասնակցության աճով է պայմանավորված նաև Պահք պահողների թվի աճը: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին:

«Պահքը մեզ համար առաջին հերթին և ամենակարևորը հնարավորություն է վերաարժևորելու կյանքը, վերաիմաստավորելու՝ սրբագրելով մեր սխալները. սա ամենակարևոր պայմանն է պահքի: Պահքի ընթացքում մենք հատկապես ընդգծում ենք այն հանգամանքը, որ ոչ միայն կենդանական ծագման սննդից պետք է հրաժարվի մարդ, այլ հոգևոր առումով հետևի պահքի կանոններին՝ հրաժարվելով մեղքից, չար դրսևորումներից, մեղավոր հակումներից և այլն: Թեև հոգևոր պահքի պահանջներն ամբողջ կյանքի համար է  ոչ միայն հատկապես այս Պահքի 40–օրյա շրջանի համար»,-ասաց հոգևորականը:

Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու»։

Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը,  բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում: Մեծ Պահքի շրջանում արգելված է պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի օրերին, բացառությամբ Ավագ շաբաթվա: