Սիրիայի հակամարտությունը թևակոխել է ամենաարյունալի փուլերից մեկը. ՄԱԿ
Սիրիայի տարածքում օդային հարվածների հետևանքով փետրվարի միայն առաջին շաբաթվա ընթացքում ավելի քան 1000 խաղաղ բնակիչ է զոհվել: Ինչպես հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գրասենյակից, դա դարձել է ողջ հակամարտության ընթացքում ամենաբարձր ցուցանիշներից մեկը:
«Սիրիացի ժողովուրդն անցնում է հակամարտության գրեթե յոթ տարվա ընթացքում ամենաարյունալի փուլերից մեկը: Ստացվող հաղորդագրությունների համաձայն՝ ավելի քան 1000 խաղաղ բնակիչ է զոհվել օդային հարվածների հետևանքով փետրվարի միայն առաջին շաբաթվա ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: Գուտերեշը անհանգստություն է հայտնել «Սիրիայում իր սահմաններից դուրս տարածվող մտահոգիչ ռազմական էսկալացիայի կապակցությամբ»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է հակամարտության կողմերին միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում պարտավորությունների մասին, ինչպես նաև կոչ է արել բոլորին «աշխատել անհապաղ և անվերապահ կերպով բռնությունը դադարեցնելու և զսպվածություն ցուցաբերելու ուղղությամբ»:
Վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը սրվել է Իդլիբ նահանգում, ինչպես նաև Աֆրին քաղաքի շրջակայքում, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում քրդական խմբավորումների դեմ: Միաժամանակ շարունակվում են բախումները Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանում: Շաբաթ սրվել է իրավիճակը նաև Սիրիայի հարավ-արևմուտքում այն բանից հետո, երբ իսրայելցի զիվնորականները հայտարարել են Իսրայելի տարածքում իրանական անօդաչու սարք կործանելու մասին: Իսրայելը սկսել է գործողություններ իրականացնել Սիրիայում սիրիական և իրանական թիրախների ուղղությամբ, սիրիական ՀՕՊ-ի հարվածների հետևանքով կործանվել է իսրայելական F-16 կործանիչ:










