Ստեփանակերտի ծննդատանը մահացած նորածինը ծնվել է բազմաթիվ արատներով. տնօրեն

13:38 • 12.02.18

Ստեփանակերտի ծննդատանը մահացած նորածինը ծնվել է բազմաթիվ արատներով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի «Մոր և մանկան պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդգես Սերոբի Օսիպովը,անդրադառնալով Tert.am-ի այն հրապարակմանը, որ Ստեփանակերտի ծննդատանը նորածին է մահացել, իսկ հարազատների խոսքով՝ ծննդկանը մինչ ծննդաբերելը խնդիրներ չի ունեցել։

«Հերմինե Մարդյանը ծնվել է 1990թ. Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղում:

Ծննդականը հաշվառված էր Արցախի առողջապահության նախարարության  Մարտակերտի շրջանային բուժմիավորումում: Դիմել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի կանանց  կոնսուլտացիա, որտեղ կատարվել է մանկաբարձ-գինեկոլոգի և այլ մասնագետների՝ մասնավորապես  էնդոկրինոլոգի խորհրդատվություն, այնուհետև ուղեգրվել է նույն կենտրոնի բարձր ռիսկի հղիների բաժանմունք՝ «Հղիություն երկրորդ, 33 շաբաթական, գլխային առաջադրություն, թեթև աստիճանի պրէէկլամպսիա, հեստացիոն դիաբետ (հղիների շաքարային դիաբետ),  երրորդ աստիճանի ճարպակալում: Բարդացած գինեկոլոգիական անամնեզ» ախտորոշմամբ»,-ասաց Օսիպովը։

Նա տեղեկացրեց,որ առաջին հղիությունը  2017 թ. ընդհատվել էր  8-9 շաբաթականում  չզարգացող հղիության պատճառով: 

Ինչ վերաբերում է երկրորդ հղիությանը,ապա Օսիպովն ասաց,որ Հերմինե  Մարդյանը ծննդաբերել է անհաս նորածին.«Ծննդաբերել է արական սեռի, ծանր  ասֆիկսիայով, բազմաթիվ արատներով երեխա,որոնք կյանքի հետ անհամատեղելի էին: Նորածինը  մոտ  11 ժամ  հետո մահացել է: Կատարված պաթանատոմիական հետազոտության ընթացքում հաստատվել է ներքին օրգանների զարգացման  բազմաթիվ արատներ՝ սրտի,  աղիների և հետանցքի բացակայություն»։