Շվեդիայի կանցլերը պահանջում է փոխել ոստիկանության հսկողության տակ գտնվող գործերի մասին օրենքը. ըստ փաստաբանի՝ նկատի է առնված նաև ՀՀ քաղաքացու գործը

22:21 • 12.02.18

Շվեդական կառավարությունում արդեն ձայներ են հնչում ոստիկանության վերաբերյալ։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Շվեդիայում, ըստ որոշ վարկածների,  ոստիկանության անգործության պատճառով մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի փաստաբան Մարկ Սաֆարյանը:

«Վերջին տարիների ընթացքում ոստիկանության հսկողության տակ գտնվող անձանց մահվան հետ կապված բոլոր գործերը կարճվել են, և պահանջ կա օրենքները վերանայելու»,- ասաց նա՝ նշելով, որ  մինչև այժմ նմանատիպ բոլոր դեպքերը հետաքննվել են հենց ոստիկանության կողմից, ինչը, իր կարծիքով, հակասահմանադրական է, քանի որ ոստիկանները հետաքննություն են անցկացնում հենց իրենց նկատմամբ.

«Այդ ամենը բերում է անարդար նախաքննության, և գործերը կարճվում են»:

Փաստաբանի խոսքով՝  Դավիթի գործով իրենք վճռական են տրամադրված և պայքարելու են մինչև վերջ:

Մարկ Սաֆարյանը հատկանշական համարեց, որ օրենքը փոխել ցանկանում են Շվեդիայի կանցլերը և կառավարության մի քանի անդամներ:

«Մենք կանցլերին գործի հետ կապված հայցով դիմել էինք դեռևս գարնանը»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե ինչ է կարծում` արդյոք  Շվեդիայում կառավարությունը որոշել է օրենք փոխել՝ նաև հաշվի առնելով ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի գործը, Մարկ Սաֆարյանը պատասխանեց՝ ամեն ինչ դեպի դրան է տանում:

«Այսինքն՝ պետական մարմինները համարում են, որ խնդիր կա, և պետք է լուծվի, այլապես նմանատիպ գործերը երբեք չեն բացահայտվի»,- նշեց նա:

Հարցին, թե ինչ է կարծում՝ փոփոխված օրենքով հավանականությունն առավել մեծ է արդարություն հաստատելու համար, Մարկ Սաֆարյանը պատասխանեց․

«Դավիթի գործում առկա են օրենքի բազմաթիվ ակնհայտ խախտումներ, և դրա համար կարծում եմ, որ եթե ոչ Շվեդիան, ապա Եվրոպական դատարանը   չի ընդունի նման պահելաձև քաղաքացու նկատմամբ»:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանը մահացել է Շվեդիայում՝ շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով:

Դավիթ Բարսեղյանը մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երեկոյան ընկերների հետ խանութից դուրս գալուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը և թույլ չեն տվել նրան հասցնել հիվանդանոց։

Ընկերների այն կոչերին, թե իրենց ընկերը լավ չի զգում, ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել, նրանց իջեցրել են մեքենայից ու տարել բաժին: Ոստիկանական բաժնում նույնպես նրան օգնություն չի տրամադրվել. նրան բանտախուց են տեղափոխել, որտեղ էլ Դավիթը մահացել է: Նրա և ընկերների դեմ՝ շվեդական իրավապահ մարմիների կողմից հարուցված գործ, ըստ փաստաբանի, չկա:

Դավիթ Բարսեղյանը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս տղա: