Փաստաբանները կհետաձգեն բողոքի ակցիաները և կդիմեն Նախագահին՝ դատական տուգանքը ներառող նախագծի փաթեթը չստորագրելու համար
ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնող խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է, որ փաստաբանները կհետաձգեն բողոքի ակցիաները և կդիմեն Նախագահին՝ դատական տուգանքը ներառող նախագծի փաթեթը չստորագրելու համար։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել էր դատական տուգանքի կիրառման ու փաստաբանների առաջարկների հնարավոր քննարկմանը։
Դավիթ Հարությունյանն ասել էր. «Եթե փաստաբանները կարծում են, որ այս դատական սանկցիայի կիրառման ընթացքում կարող են առաջանալ որոշակի ռիսկեր և իրենց պատկերացմամբ կան դրանք չեզոքացնելու հավելյալ միջոցներ կամ հնարավորություններ, Արդարադատության նախարարությունը պատրաստ է լսել նրանց մոտեցումներն ու փաստարկները: Ներկայումս մենք աշխատում ենք փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վրա ու կարծում եմ, որ այդ գործընթացի շրջանակում կարող ենք քննարկել փաստաբաններին հուզող այս և մնացած խնդիրները»:
Փաստաբանների հայտարարությունում ասվում է, որ չնայած փաստաբանները բողոքի ակցիայի շրջանակում պահանջել են ՀՀ Ազգային ժողովից թույլ չտալ սահմանադրական օրենքի խախտմամբ ներկայացված Նախագծի ընդունումը, հայտարարել են, որ բողոքի ակցիա են իրականացնելու նաև փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին և այլ առաջարկներ են արել, սակայն Ազգային ժողովում փետրվարի 9-ին նախագիծն ընդունվել է։
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հարցազրույցից և նախապես՝ փետրվարի 12-ին պլանավորած փակ քննարկումից հետո նախաձեռնող խումբը որոշել է. «2018թ. փետրվարի 12-ի քննարկման ժամանակ, նախաձեռնող խմբի անդամները նշել են, որ Նախագիծն ընդունվել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի և 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ, քանի որ Նախագծի փաթեթում ընդգրկված լրացուցիչ 8 օրենքների նախագծերին երկրորդ ընթերցումից առաջ ավելացվել են 2 նոր նախագծերը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնք փաստացի ընդունվել են մեկ ընթերցմամբ:
Այս և մյուս հիմնավորումները, ինչպես նաև օրենսդրական փաթեթի՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու նորմերը 2019 թվականի հունվարի 1-ից հետո կիրառելու պայմանը հաշվի առնելով՝ Նախաձեռնող խումբը քննարկմանը ներկա փաստաբաններին առաջարկել է Նախագծի վիճարկման հետևյալ ճանապարհը, մասնավորապես՝ ներկայացնել դիմում ՀՀ Նախագահին ընդունված օրենքները չստորագրելու վերաբերյալ, ներկայացնել դիմում մարդու իրավունքների պաշտպանին օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո՝ դրանց սահմանադրականության հարցը բարձրացնելու մասին, քննարկել ՄԻԵԴ-ին դիմելու հնարավորության հարցը:
Նախաձեռնող խումբն առաջարկել է ընդունել նաև Արդարադատության նախարարության՝ երկխոսության առաջարկը, քանի որ այն չի խոչընդոտում նախաձեռնող խմբի վերոհիշյալ գործողություններին, ինչպես նաև հնարավորություն է ստեղծում բարելավել ընդունված օրինագծի փաթեթի՝ փաստաբաններին վերաբերող իրավակարգավորումները:
Ելնելով վերոգրյալից,
-հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության՝ քննարկումներով խնդիրը լուծելու առաջարկը,
-նկատի ունենալով այն, որ բողոքի ակցիաները հիմնականում ուղղված էին ՀՀ Ազգային ժողովին, որն իր որոշումն արդեն ընդունել է,
Նախաձեռնող խումբը՝
1. Հայտարարում է, որ շարունակելու է ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանադրական օրենքի խախտմամբ ընդունված Նախագծի փաթեթի վիճարկման հետ կապված գործողությունները, այդ թվում՝ ներկայացվելու է դիմում ՀՀ Նախագահին՝ ընդունված օրենքները չստորագրելու վերաբերյալ, ներկայացվելու է դիմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին նշված օրենքների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկվելու է մինչև օրենքների կիրառումը ՄԻԵԴ-ին դիմելու հնարավորության հարցը:
2. 2018 թվականի փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին հայտարարված բողոքի ակցիաները հետաձգում են:
3. Որպես խնդրի լուծման զուգահեռ միջոց ՀՀ արդարադատության նախարարության հետ քննարկելու է դատական տուգանքը փաստաբանների նկատմամբ կիրառելու հնարավորությունը նախատեսող նորմերում՝ փաստաբանի մասնագիտական գործունեության անկախության երաշխիքները (այդ թվում՝ գործը քննող դատավորի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու անթույլատրելիությունը) սահմանելու հարցը»։
Նշենք, որ Ազգային ժողովն ընդունել է Կառավարության ներկայացրած Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որտեղ ներառված է նաև փաստաբաններին ու դատախազներին դատական տուգանքի ենթարկելու մասին դրույթը, համաձայն որի՝ փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով: Համաձայն օրենքի՝ տուգանքի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:










