ՌԴ քննիչները բացառել են Ան-148-ի պայթյունն օդում. կործանման վայրում հայտնաբերվել է մարմնի ավելի քան 400 մաս

16:13 • 12.02.18

ՌԴ Մերձմոսկովյան շրջանում Ան-148 ինքնաթիռի աղետի հետաքննության առաջին արդյունքները ցույց են տալիս, որ ինքնաթիռը պայթել է արդեն գետնին բախվելուց հետո: Այդ մասին lenta.ru-ին պատմել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:


ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ աղետի հետաքննության համար ստեղծված քննչական խմբում ընդգրկված է ավելի քան 100 քննիչ և քրեագետ, որոնք միաժամանակ աշխատում են մի քանի շրջաններում: Խուզարկությունների անցկացում և փաստաթղթերի առգրավում է կազմակերպվել «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերությունում, որին պատկանել է օդանավը։


Առգրավվել են օդանավի սպասարկման և տեխզննման, անձնակազմի բուժզննման փաստաթղթավորումը, վառելիքի նմուշները, դիսպետչերների և օդանավակայանի հրամանատարի ռադիոփոխանակման ֆայլերը, օդանավի թռիչքի ռադարի տվյալների էլեկտրոնային տվյալները: Նշանակվել են անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություններ:


Սվետլանա Պետրենկոն նշել է, որ նախնական քննության ժամանակ կստուգվեն բոլոր վարկածները, այդ թվում՝ կուսումնասիրվի ավիաընկերության գործունեությունը, օդանավի տեխնիկական վիճակը, օդաչուների մասնագիտական պատրաստության մակարդակը:


Ռուսաստանի ԱԻՆ-ից հայտնել են, որ ինքնաթիռի կործանման վայրում որոնողական գործողության ընթացքում հայտնաբերվել է մարմնի ավելի քան 400 մաս: Ներկայիս դրությամբ հետազոտվել է մոտ 12 հա տարածք: Որոնողական գործողությունը շարունակվում է:


Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, երեկ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող Ան-148 ինքնաթիռը: Ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 71 հոգի, զոհվել են, այդ թվում՝ 2 հայ։ 


Զոհերի մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայի փորձաքննությունների բյուրոյում: