Եվրոպայում այլևս բանկային գաղտնիք չկա. եվրահանձնակատար
Եվրոպայում այլևս չկա բանկային գաղտնիք, ցանկացած բացված հաշվի մասին, օրինակ՝ Շվեյցարիայի բանկերից մեկում, անմիջապես հայտնի է դառնում հարկային մարմիններին: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պյեր Մոսկովիսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եվրոպայում վերացվել է բանկային գաղտնիքը: Եթե մեկը հաշիվ ունի Շվեյցարիայում, տեղի է ունենում տեղեկատվության ավտոմատ փոխանակում, այսինքն՝ մենք այդ մասին անմիջապես տեղեկանում ենք»,- հայտարարել է եվրահանձնակատարը՝ ելույթ ունենալով France2 ալիքով:
Նա նաև հիշեցրել է, որ տեղեկատվության փոխանակման մասին պայմանավորվածություններ են ստորագրվել բացի Շվեյցարիայից նաև Լիխտենշտեյնի, Սան Մարինոյի, Անդորրայի և Մոնակոյի հետ:
Ավելի վաղ Եվրամիության երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել ԵՄ հարկատուների եկամուտների ցանկի ընդլայնման մասին որոշումը, որոնցով միության անդամ երկրների հարկային մարմինները պետք է սկսեն փոխանակվել տեղեկատվությամբ 2017 թվականի երկրորդ կեսից: Հարկային ծառայությունների կողմից տեղեկատվության ավտոմատ փոխանակման տակ են հայտնվել տոկոսները, դիվիդենտները, ֆինանսական ակտիվների վաճառքից ստացված եկամուտը, ինչպես նաև հաշիվների մնացորդի մասին տեղեկությունները:










