Իրաքը հայտարարել է, որ ԻՊ-ի դեմ պայքարից հետո վերակառուցման համար կպահանջվի 88 միլիարդ դոլար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ երեք տարվա պատերազմից հետո Իրաքի վերակառուցման համար կպահանջվի 88,2 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել են Իրաքի պաշտոնյաները՝ երկուշաբթի միջազգային դոնորների համաժողովի ժամանակ, հայտնում է Reuters գործակալությունը:
Դոնորներն ու ներդրողները հանդիպել էին Քուվեյթում՝ քննարկելու համար Իրաքի տնտեսությունն ու ենթակառուցվածքները վերակառուցելու ջանքերը:
Իրաքը հաղթանակ է հռչակել «Իսլամական պետության» դեմ դեկտեմբերին՝ հետ վերցնելով բոլոր տարածքները, որոնք զինյալները գրավել էին 2014 և 2015 թվականներին:
Երկրի պլանավորման նախարարությունից հայտարարել են, որ կարճաժամկետ կտրվածքով կպահանջվի 22 միլիարդ դոլար և ևս 66 միլիարդ դոլար միջնաժամկետում:










