Ան-148-ի կործանումից հետո Մոսկվայում չեղարկվել են ժամանցային միջոցառումները. հայտնաբերվել է ինքնաթիռի երկրորդ «սև արկղը»

12:38 • 12.02.18

«Մոսկովսկայա մասլենիցա» փառատոնին փետրվարի 12-ին կայանալիք ժամանցային միջոցառումները չեղարկվել են Մերձմոսկովյան շրջանում նախօրեին տեղի ունեցած Ան-148 ինքնաթիռի կործանման պատճառով: Այդ մասին հաղորդվում է Մոսկվայի քաղաքապետի և ՌԴ մայրաքաղաքի կառավարության պաշտոնական պորտալում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մոսկովսկայա մասլենիցա» փառատոնին փետրվարի 12-ին կայանալիք ժամանցային միջոցառումները չեղարկվել են Ան-148 ինքնաթիռի կործանման առնչությամբ: Նախատեսված ժամանակացույցով կանցկացվեն կրթական վարպետության դասեր»,- ասված է հաղորդագրությունում:


Ինչպես հայտնել է լրատվամիջոցին ինքնաթիռի կործանման վայրում ստեղծված օպերատիվ շտաբի ներկայացուցիչը, Ռամենսկի շրջանում հայտնաբերվել է կործանված ինքնաթիռի երկրորդ «սև արկղը»: Նրա խոսքով՝ սև արկղը գտնվում է «բավարար» վիճակում:


Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, երեկ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող Ան-148 ինքնաթիռը: Ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 71 հոգի, զոհվել են, այդ թվում՝ 2 հայ։ 


Զոհերի մարմինների ճանաչումը տեղի կունենա Մոսկվայի փորձաքննությունների բյուրոյում: