Նյու Յորքը դատի է տվել Հարվի Վայնշտեյնին և նրա ընկերությանը՝ սեռական ոտնձգությունների առնչությամբ
ԱՄՆ Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազը դատի է տվել ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին և նրա Weinstein Co. ընկերությանը՝ մեղադրելով տարիներ շարունակ սեռական ոտնձգությունների պրակտիկայի համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ այդ քայլը կարող է վտանգել ընկերության վաճառքի շուրջ ընթացող բանակցությունները:
Վայնշտեյնը, ով Miramax ընկերության համահիմնադիրն էր, Հոլիվուդի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է եղել մինչև այն պահը, երբ ավելի քան 70 կին նրան մեղադրեց սեռական ոտնձգությունների, այդ թվում՝ բռնաբարության համար:
Ինչպես նշվում է գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանի հայտարարությունում, քաղաքացիական հայցում նշվում է, որ ընկերության ղեկավարությունը և խորհուրդը չեն պաշտպանել աշխատակիցներին Վայնշտեյնի գործողություններից: Հայցում նշվում է նաև Վայնշտեյնի եղբոր՝ Բոբի անունը, որն ընկերության համահիմնադիրն է:
Դատական հայցում նշվում է, որ 65-ամյա Վայնշտեյնը սեռական ոտնձգությունների է ենթարկել աշխատակիցներին և այլ կանանց տարիներ շարունակ: Այն մեղադրում է Weinstein ընկերության ղեկավարությանը քայլեր չձեռնարկելու համար՝ չնայած նրան, որ նրանց բազմիցս ներկայացվել են Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին վստահելի ապացույցներ:










