Հայաստանում ռուս օդաչուները «ոչնչացրել» են պայմանական հակառակորդի աերոդրոմը

10:07 • 12.02.18

Հայաստանում «Էրեբունի» ռուսական ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների և Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների օդաչուները ոչնչացրել են պայմանական հակառակորդի ռազմական աերոդրոմը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ուսումնամարզական թռիչքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին:


«Լեռնային տեղանքի բարդ օդերևութաբանական պայմաններում թռիչքային առաջադրանքներ կատարելիս ուղղաթիռների անձնակազմները հարվածներ են հասցրել պայմանական հակառակորդի ավիացիոն տեխնիկային, աերոդրոմի ենթակառուցվածքներին և ոչնչացրել են թռիչքուղին»,- ասել է Աստաֆևը:


Նրանք նաև մշակել են պայմանական հակառակորդի ՀՕՊ համակարգերից խուսափելու գործողություններ:


Նշվում է, որ մարզումների ընթացքում կործանիչների և ուղղաթիռների անձնակազմները կատարել են ավելի քան 20 թռիչք: