Սաակաշվիլիին առևանգել են ռեստորանից. ուկրաինացի պատգամավոր (տեսանյութ)
Կիևի ռեստորաններից մեկից առևանգել են Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին, այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի Գերագուն ռադայի պատգամավոր Յուրի Դերևյանկոյի հայտնած տեղեկություններին:
«Հենց նոր անհայտ անձինք նրան առևանգեցին Կիևի «Սուլուգունի» ռեստորանից», - ասել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ Օդեսայի նախկին նահանգապետին առևանգողները հատուկջոկատայիններ էին:
Ուկրաինայի պաշտոնական շրջանակներն արդեն հերքել են Սաակաշվիլիի առևանգման հետ կապ ունենալու մասին տեղեկությունները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ուկրաինացի ուժայինները Սաակաշվիլիին ձերբակալելու փորձ են կատարել՝ հանցավոր կազմակերպություններին աջակցելու և հանցավոր գործունեության քողարկման գործի շրջանակներում:
Սաակաշվիլիի կողմնակիցները կանխել են ձերբակալության փորձը: Գործչին ձերբակալել հաջողվել է երկու օր անց միայն: Դեկտեմբերի 11-ին Կիևի դատարանն ազատ է արձակել վերջինիս:










