Բռնի ուժ չեմ կիրառել, պարզապես խնդրել եմ և օգնել, որ դուրս գա դահլիճից. Գոռ Վարդանյան (տեսանյութ)

12:57 • 13.02.18

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ ինքը որևէ բռնություն չի կիրառել ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ:

«Եթե ամբողջ տեսանյութը տեսել եք, ավագանու անդամները ոչ ճիշտ պահելակերպ են դրսևորել. բավական տհաճ հոտ էր, և  շատ շատերի մոտ դահլիճում սրտխառնոց առաջացավ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե դա թույլ է տալիս, որ ուժ կիրառեք, Գոռ Վարդանյանը պատասխանեց, թե ինքը ուժ չի կիրառել:

«Ես պարզապես խնդրել եմ և  օգնել, որ դուրս գա դահլիճից: Բռնի ուժի չի եղել, տեսանյութերը նայեք»,- ասաց նա:

Վարդանյանն արդարացավ, թե նորմալ է արդյոք, որ թունավոր նյութերը բերել և տարածել էին դահլիճում:

«Ես ճիշտ չեմ համարում կանանց վրա ուժ կիրառելը, բայց այս պարագայում իմ արած բոլոր քայլերը և այն մարդկանց, ովքեր միջնորդել են, ուղղակի նպաստել են այդ մարդկանց դահլիճից հեռացնելուն»,-ասաց նա:

Գոռ Վարդանյանը շարունակեց պնդել, որ չի ապտակել և չի էլ տեսել, թե որևէ մեկը ապտակել է:

«Այո՛, հանել եմ դուրս ու ճիշտ եմ արել»,- ասաց քաղաքապետի խորհրդականը:

Դիտարկմանը, թե «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները հայտարարեցին, թե Գոռ Վարդանյանն իրեն Տարոն Մարգարյանի թիկնապահի պես էր պահում, Վարդանյանը պատասխանեց, որ այդպես չէ:

«Դուք բոլորդ դահլիճում եք եղել, ռեալ մեկնաբանեք, որ հանրությանը ցույց տաք այն, ինչն իրականում կատարվել է»,- ասաց նա: