Մարդ, որը մեկ ձեռքով բազմաթիվ կյանքեր է փրկել. Ստամբուլում մահացել է լեգենդար պոլսահայ բժիշկ Հակոբ Կոթողյանը
Ստամբուլում կյանքից հեռացել է ստամբուլահայ լեգենդար բժիշկ Հակոբ Կոթողյանը, որը Թուրքիայում առավել հայտնի է «Անթև Հակոբ» անվամբ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Լույս»-ը:
Նշենք, որ Կոթողյանը 79 տարեկան էր: Թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, հայտնելով լեգենդար բժշկի մահվան լուրը, նրան անվանել է «Թուրքիայի մեծագույն մաշկաբաններից մեկը»:
Արևմտյան Հայաստանի գավառներից 1938թ.-ին Ստամբուլ գաղթած հայ ընտանիքի զավակ Հակոբը ծնվել է Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում՝ Ջերահփաշա հիվանդանոցում:
Գյուղից Ստամբուլ տեղափոխված աղքատիկ ընտանիքի տղան ստիպված է եղել մանուկ հասակից աշխատել և տեղավորվել է հայ արծաթագործների խանութներից մեկում: Հենց ծանր աշխատանքի ընթացքում է, որ սարսափելի միջադեպի ժամանակ նա կորցրել է ձեռքը:
Վերակենդանացման բաժնում հայտնված «Անթև Հակոբի» ընտանիքին բժիշկները հույս ներշնչել չեն շտապել, ասել են՝ կմեռնի: Սակայն այդ օրը Հակոբ Կոթողյանը կարծես վերածնվել է՝ կրկին Սամաթիայի Ջերահփաշա հիվանդանոցում:
Հաշմանդամության պատճառով հասակակիցների խղճահարությամբ լի հայացքներից խուսափելու համար մեկ տարի շարունակ դպրոց գնալ չցանկացած Հակոբն ավելի ուշ հասկացել է, որ լավ մասնագիտություն ձեռք բերելու միակ ուղին սովորելն է:
1957թ.-ին Ստամբուլի համալսարանի բժշկության ֆակուլտետ ընդունված Հակոբն ավելի ուշ աշխատանքի է անցել նույն Ջերահփաշա հիվանդանոցում:
Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ, միջազգային կոնֆերանսների մասնակից, պրոֆեսոր, դասախոս և վաստակավոր բժիշկ Հակոբ Կոթողյանը բազմաթիվ կյանքեր է փրկել միայն մեկ՝ ձախ ձեռքով։










