Վահագն Աբգարյանի գործով կալանավորված Լոռու քննչականի նախկին պետը մեղադրվում է $5000 կաշառք ստանալու մեջ. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

12:04 • 13.02.18

Հատուկ քննչական ծառայությունում քննվող` Կամո Փիրուզյանին սպանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյանի ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու մեղադրանքով կալանավորված Լոռու մարզի Քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Շուշանյանի պաշտպան Կարեն Թումանյանը. «Իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և օգտվելով իր իրավունքից հրաժարվում է ցուցմունք տալուց»:

Հարցին, թե որքան գումար կաշառք ստանալու մեջ է մեղադրվում Թաթուլ Շուշանյանը, փաստաբանն ասաց. «Մեղադրանքում նշված է 5000 ԱՄՆ դոլար»:

Ինչ վերաբերում է խափանման միջոց կալանքին, պաշտպանն ասաց, որ վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, սակայն դեռևս հայտնի չէ առաջին դատական նիստի օրը:

Նշենք, որ Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է:

Նշենք, որ գործով կալանավորվել է ևս մեկ քննիչ, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով փետրվարի 6-ին Լոռու մարզային Քննչական կոմիտեի վարչության պետն ու վարչության երկու քննիչ այսօր ազատվել են աշխատանքից: