Մոսկվայում ուսուցիչն առանց բժշկական տեղեկանքի չի թողել աշակերտներին զուգարան գնալ

16:41 • 13.02.18

Մոսկվայի №1795 դպրոցի ուսուցիչներից մեկը երեխաներին թույլ չի տվել դասի ժամանակ զուգարան գնալ՝ առանց համապատասխան բժշկական տեղեկանք ներկայացնելու, ինչի հետևանքով նա հեռացվել է աշխատանքից: Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է հաստատության տնօրեն Վալենտինա Սետեժևան:


Դպրոցի տնօրենի խոսքով՝ ուսուցիչը, որը նաև դասարաններից մեկի դասղեկն է եղել, գործել է ոչ թե տնօրինության անունից, այլ իր նախաձեռնությամբ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ներքին ծառայողական ստուգման առիթ է դարձել դասղեկի գրության տարածումն աշակերտների ծնողների շրջանում, որում ասվում է, որ ուսուցիչներն իրավունք չունեն դասի ժամանակ երեխաներին բաց թողնել զուգարան, և դրա համար հատուկ բժշկական տեղեկանք է անհրաժեշտ:


«Դասարանն արդեն նոր դասղեկ ունի: Այդ դասարանի աշակերտների ծնողները գոհ են նոր դասղեկից», - ասել է Վալենտինա Սետեժևան։