Պեսկովը պատմել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կառուցողական է եղել: Խոսակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ԿԺԴՀ-ի թեմային, բայց «առանց կարծիքների խորը փոխանակման»: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին Մերձմոսկովյան շրջանում Ան-148 օդանավի աղետի հետաքննության հարցում օգնություն առաջարկելու համար:
«Խոսակցությունը բավականին կառուցողական է եղել, և տվյալ դեպքում նախագահը շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջն ավիաաղետի առնչությամբ ցավակցություն հայտնելու համար: Ինչ վերաբերում է ավիաաղետի հետաքննության հարցում օգնություն տրամադրելու պատրաստակամությանը, նախագահը նաև շնորհակալություն է հայտնել նման պատրաստակամության մասին հայտնելու համար և տեղեկացրել է իր ամերիկացի գործընկերոջը տարվող աշխատանքի մասին»,- ասել է Պեսկովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, կիրակի Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող Ան-148 ինքնաթիռը: Ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 71 հոգի, զոհվել են, այդ թվում՝ 2 հայ։










