Վրաստանը 2017 թվականին Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ հարցում է ուղարկել Լեհաստան

10:17 • 13.02.18

2017 թվականին Վրաստանի դատախազությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման մասին հարցում է ուղարկել Լեհաստան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Անցած տարի պարոն Սաակաշվիլին այցելել էր Լեհաստան, և այդ ժամանակ վրացական կողմը դիմել է այդ երկրին արտահանձնման խնդրանքով»,- ասել է Ցուլուկիանին վրացական Առաջին ալիքի եթերում:


Նրա խոսքով՝ «Վրաստանը հետ չի կանչել և չի կանչի Ուկրաինային ուղարկված դիմումը»: Ցուլուկիանին պատմել է, որ Կիևը երկու ընտրություն է ունեցել՝ արտահանձնել Սաակաշվիլիին հայրենիք կամ արտաքսել Լեհաստան:


«Արտահանձնման դիմումն ուղարկվել է Լեհաստան, և այնտեղ գործում են նույն կանոնները: Սա նորություն է, և հետևաբար՝ մենք չենք կարող Լեհաստանից պահանջել անհապաղ արձագանքել: Եվրոպական երկրներում գոյություն ունի միևնույն ընթացակարգը: Մենք արտահանձնման հարցով միևնույն եվրոպական հռչակագրի անդամներ ենք: Խոսքը մի քանի դատական ատյանների մասին է, ինչը ժամանակ է պահանջում: Եթե այդ ընթացակարգերը սկսվեն Լեհաստանում, մենք կարող ենք խոսել ինչ-որ արդյունքների մասին»,- հայտարարել է նախարարը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Սաակաշվիլին արտաքսվել է Լեհաստան, ինչը հաստատել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը: