ՀԱՀ-ի նախագահին 48 ժամ են տվել պաշտոնից հեռանալու համար
Հարավաֆրիկյան Հանրապետության «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցության անդամները երկրի նախագահ Ջեյկոբ Զումային 48 ժամ են տվել հրաժարական տալու համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով SABC պետական հեռարձակող ընկերությանը:
Ջեյկոբ Զուման ՀԱՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից ի վեր: Փետրվարի սկզբին հաղորդվել է, որ ժողովրդին ուղղված նրա ուղերձը հետաձգվել է անհայտ ժամկետով՝ կոռուպցիայի համար նրա դեմ ներկայացված մեղադրանքների ֆոնին:
2017 թվականի վերջին կուսակցության նոր առաջնորդ է դարձել Սիրիլ Ռամապոսան, որը համարվում է Զումայի ներկուսակցական ընդդիմության ղեկավարը:
ԶԼՄ-ներում հաղորդագրություններ են հայտնվել, որ Զուման և Ռամապոսան բանակցություններ են վարում իշխանությունը փոխանցելու մասին: Կուսակցության ակտիվիստները սպառնացել են գործադուլ կազմակերպել, եթե Զուման հրաժարական չտա: Նախագահի ներկայացուցիչներն իրավիճակը դեռ չեն մեկնաբանում:
SABC-ի հաղորդմամբ՝ Ռամապոսայի շարասյունն ուղևորվել է Զումայի նստավայր՝ լուրն անձամբ հաղորդելու համար:










