Սաակաշվիլին խնդրել է ԵՄ-ի և Մերկելի օգնությունը. Bild

10:04 • 13.02.18

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, խոսելով նախօրեին իր հետ պատահածի մասին, հայտարարել է, որ եթե Եվրամիությունը և, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ոչինչ չձեռնարկեն՝ Ուկրաինան կկործանվի, այս մասին գրում է Bild պարբերականը:

«Կիևի սրճարաններից մեկում ինձ վրա հարձակվեցին դիմակավոր մարդիկ, նրանք առևանգեցին ինձ, սպառնում էին, և մասնավոր ինքնաթիռով դուրս բերեցին ինձ Լեհաստան: Այս ակցիայի հետևում կանգնած է կոռումպացված ուկրաինացի նախագահ Պյոտր Պորոշենկոն», - ասել է Սաակաշվիլին՝ նշելով, որ Պորոշենկոն քանդում է երկիրը, և եթե Մերկելը ոչինչ չձեռնարկի՝ Ուկրաինան կկործանվի:

NewsOne հեռուստաալիքին էլ տված հարցազրույցում Սաակաշվիլին հայտարարել է, որ օրերից մի օր բանտ կնստեցնի Պորոշենկոյին:

«Ես ոչ մի տեղ նրան չեմ ուղարկի, մենք կուղարկենք նրան ուկրաինական բանտ, երբ ժամանակը գա: Իսկ այդ ժամանակը շատ շուտ կգա: Ոչ մի երկիր նրան աղուհացով չի  դիմավորի»,-ասել է վրացի քաղաքական գործիչը:

Նշենք, որ Սաակաշվիլին նախօրեին արտաքսվել է Ուկրաինայից Լեհաստան: