Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ դասադուլ են սկսել՝ ի պաշտպանություն հացադուլ անող դասախոսի. բուհի գիտխորհուրդը հայտարարություն է տարածել
Այս պահին շարունակում եմ հացադուլը. Tert.am-ի հետ զրույցում ասաց երեկվանից հացադուլ սկսած Շիրակի պետական համալսարանի Պատմության ու փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը:
Նա նշեց, որ հացադուլի հիմնական պատճառը ռեկտոր Սահակ Մինասյանի, իր խոսքով, ապօրինի գործողություններն են՝ մասնավորապես փետրվարի 12-ին գիտխորհրդի նիստում դեկանների, ամբիոնի վարիչների անօրինական ընտրությունը։
«Երեկ ռեկտորը հորդորում էր դադարեցնել հացադուլը, խոստանում էր, որ ինձ համար շատ լավ կլինի, լավը չգիտեմ՝ ինչ նկատի ուներ: Ամեն դեպքում ես գիշերը մնացել եմ ամբիոնում և շարունակում եմ հացադուլը»,-ասաց Խորիկյանը:
Նա նաև նշեց, որ ի պաշտպանություն իրեն դասադուլ են հայտարարել պատմության բաժնի ուսանողները:
«Քիչ առաջ նաև իմ հացադուլին արձագանքեցին Պատմության բաժնի ուսանողները՝ դասադուլ հայտարարելով ի պաշտպանություն ինձ, նաև առանձին այնտեղ իրենց հարցերն են ներկայացրել»,-ասաց նա:
Փոխզիջման խնդիր Խորիկյանը չի տեսնում և նշում է, որ հացադուլն անժամկետ է և կդադարեցնի միայն մի դեպքում:
«Կդադարեցնեմ, եթե կրթության և գիտության նախարարը չեղյալ համարի փետրվարի 12-ին դեկանների, ամբիոնի վարիչների ընտրությունը: Ռեկտորը կանոնադրության հետ բացարձակ հաշվի չնստեց, կանոնադրությունը համարում է թղթի կտոր»,-ասաց Խորիկյանը:
Նրա խոսքով մինչ այս պահը Կրթության գիտության նախարարությունից որևէ մեկը ո՛չ զանգել է, ո՛չ էլ այցելել համալսարան: Իսկ մինչև համապատասխան արձագանք չլինի նախարարության կողմից, Խորիկյանի խոսքով, ինքը շարունակելու է մնալ ամբիոնում և չի դադարեցնելու հացադուլը:
Նշենք, որ այս առնչությամբ բուհի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շրջանում Շիրակի պետական համալսարանին վերաբերող անհիմն շահարկումները ցավալիորեն դարձել են համապետական քննարկման խնդիրներ:
Համալսարանի գիտական խորհուրդը, առաջնորդվելով մտավորականներին հարիր ողջախոհությամբ, հինգ ամիսների ընթացքում կուտակված լռությունը փարատելով և հաշվի առնելով բուհում պարբերաբար կատարվող անակնկալ ստուգումները, անթաքույց հայտարարում է, որ մենք մեր համակազմով լծված ենք իրավաչափ ու բնականոն աշխատանքի:
Վեր մնալով սադրանքներից՝ բուհի գիտական խորհուրդը հայտարարում է, որ համալսարանն այսօր գնում է զարգացման ճանապարհով և այս հարցերով մտահոգ ցանկացած մեկին հրավիրում՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին»։










