Ծեծկռտուքից հետո քաղաքապետարան ժամանած բժիշկներն արձանագրեցին, որ տուժածներ չկան

12:52 • 13.02.18

Երևանի ավագանու նիստի ժամանակ այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քաղաքապետարան ժամանեցին շտապօգնության աշխատակիցները:  

Հիշեցնենք, որ իրարանցում սկսվեց, երբ «Երկիր Ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներով ապակյա տարաներ բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում։  

Tert.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը շտապօգնության աշխատակիցներին տեղեկացրեց, որ օգնության կարիք կա: Նա, մատնացույց անելով ՀՀԿ խմբակցության անդամին, ասաց, թե այդ կինն իրեն վատ է զգում, ինչ-որ մեկի ճնշումն էլ բարձրացել է: Նա նաև հայտարարեց, որ իրենց խմբակցությունում վատառողջ մարդ չկա։ 

ՀՀԿ խմբակցության անդամներից մեկն արձագանքեց. «Կա, ինչո՞ւ չկա, դուք եք վատառողջ: Վատառողջը դուք եք, որ հասարակական վայրում գործողություններ եք անում, որոնք որ... Շատ կասկածելի է ձեր առողջական վիճակը: Ձեր գործողությունները բացարձակապես ադեկվատ չեն: Այստեղ կարիք կա ոչ միայն շտապօգնության, այլ իրավապահ մարմինների»։  

Նիստերի դահլիճ եկան անվտանգության աշխատակիցները, ովքեր հայտարարեցին, թե եկել են աշխատակազմի ղեկավարի ցուցումով: 

ՀՀԿ խմբակցության ավագանու անդամները հորդորում էին շտապօգնության աշխատակիցներին ստուգել «Երկիր Ծիրանի»-ի անդամների առողջական վիճակը, քանի որ, ըստ նրանց, ավագանու անդամներն անբնական պահվածք ունեն: 

Մարինա Խաչատրյան էլ իր հերթին հայտարարեց, թե կարող են թուղթ ստորագրել, որ հրաժարվում են բժշկական օգնությունից: 

Ավագանու անդամները հայտարարեցին, որ դահլիճի 90 տոկոսը «Երկիր Ծիրանի»-ի անդամների ներկայությամբ ապահով չի զգում, քանի որ մարդիկ կարող են  թունավորվել: 

Tert.am-ի թղթակիցը նաև հայտնեց, որ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են, որ տուժածներ կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձինք չկան: