ՀՀ ԶՈՒ կապիտանը  դիմել է դատարան՝ պահանջելով իրեն արձակել և պահեստազորում հաշվառել առանց տարեկան 1 մլն դրամ տուգանքի. ՊՆ-ը պնդում էր՝ նման պայմանագիր չեն պարտադրում

20:56 • 14.02.18

ՀՀ զինված ուժերի կապիտան Ռուբիկ Մարտիրոսյանը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով Պաշտպանության նախարարությունից իրեն զինվորական ծառայությունից արձակելու նպատակով  որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելուն:

Tert.am-ը  Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Ռուբիկ Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել և պահանջում է ՀՀ զինված ուժերից արձակել և պահեստազորում հաշվառել  առանց հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց 1 միլիոն ՀՀ դրամի չափով տուժանք վճարելու:

Դատարանը գտել է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, և դատավոր Մերի Համբարձումյանը որոշել է հայցն ընդունել վարույթ:

Գործի դատաքննությունն արդյունավետ իրականացնելու նպատակով դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ մարտի 15-ին:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Tert.am-ը հայտնել էր, որ սպաների պայմանագրերում փոփոխություններ են տեղի ունեցել: Նախկինում, եթե  սպան ՊՆ-ի հետ պայմանագիր էր կնքում 20 տարով ու դեռ ծառայության 10 տարին չլրացած՝ հրաժարվում էր ծառայությունից, ստիպված էր լինում յուրաքանչյուր չծառայած տարվա համար 250 000 դրամ գումար վճարել: Այժմ 2007թ. շրջանավարտ սպաներին ստիպում են նոր պայմանագիր ստորագրել՝ չեղյալ համարելով նախկին պայմանագրերը։ Ըստ նոր պայմանագրի՝ ծառայությունից հրաժարվելու դեպքում սպան ստիպված կլինի 1 մլն դրամ վճարել յուրաքանչյուր չծառայած տարվա դիմաց:

Ի պատասխան Tert.am-ի հարցման՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Գառնիկ Հայրապետյանը պատասխանել էր.

«Հայտնում եմ, որ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտած և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող սպաներին ոչ թե ստիպում են նոր պայմանագրեր ստորագրել՝ լուծելով նախկինը, այլ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի՝ վերջիններիս առաջարկվել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների (16.02.2016թ. ՀՕ-222-Ն օրենք) հիման վրա կնքել համաձայնագրեր՝ իրենց հետ կնքված գործող պայմանագրերի մի շարք դրույթներ փոփոխելու վերաբերյալ:

Համաձայնագրեր կնքելուց (գործող պայմանագրերում փոփոխություններ կատարելուց) հրաժարվելը որևէ պատասխանատվություն չի առաջացնում և հետագայում օրենքով սահմանված ժամկետի ընթացքում զինծառայությունից հրաժարվելիս այդ սպաների արձակման գործընթացն իրականացվելու է պայմանագրի կնքման օրվա դրությամբ գործող օրենքով սահմանված կարգով: Ինչ վերաբերում է վճարման ենթակա գումարի չափին, ապա ընդհանուր չափ գոյություն չունի, այն հաշվարկվում է անհատապես՝ ըստ կատարված ծախսերի»: