ՊՊԾ գնդի զավթման գործով Գագիկ Եղիազարյանը 20 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից. Դատական նիստն էլ պաշտպանների չներկայանալու պատճառով էլ դատական նիստը հետաձգվեց
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվողեր Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդվարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատաքննությունը:
Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը, Արա Ղարագյոզյանը, Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը և Դավիթ Գյուրջյանը:
Դատավոր Մակյանը հայտնեց, որ բացակա փաստաբաններից երեքը գրություն են ուղարկել.
«Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը գրավոր հայտնել են, որ նույն ժամին անհետաձգելի քննչական գործողությունների են մասնակցելու Քննչական կոմիտեում և չեն կարող ներկա գտնվել դատական նիստին: Գրություն է ներկայացրել նաև Արա Ղարագյոզյանը, ով հայտնել է, որ որոշ անկախ փաստաբաններ շարունակում են դատական տուգանքի դեմ գործադուլը, հետևաբար ինքը ևս գործադուլ է հայտարարել և չի ներկայանա դատական նիստին»:
Ամբաստանյալները հայտնեցին, որ չեն պատրաստվում մասնակցել դատական նիստին` առանց իրենց պաշտպանների ներկայության:
Արայիկ Խանդոյանը հարցին ոչ ըստ էության պատասխանելու համար ենթարկվեց դատական սանկցիայի՝ նախազգուշացում. նախազգուշացվեց նաև Գագիկ Եղիազարյանը:
Իր բացակա պաշտպանների՝ Արայիկ Պապիկյանի և Արա Ղարագյոզյանի վերաբերյալ Արայիկ Խանդոյանն ասաց.
«Ապրեն իմ ախպերները, մեռնեմ իրենց, իրենք հանուն մարդու իրավունքների ամեն ինչի պատրաստ են. առանց իրենց ես ոչինչ չունեմ այստեղ անելու»:
Իսկ երբ պաշտպանների բացակայության պայմաններում նիստը շարունակել-չշարունակելու մասին իր դիրքորոշումն էր փորձում հայտնել մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, դատավորն ընդհատեց դատախազին և ասաց.
«Գագիկ Եղիազարյանը ենթարկվում է դատական սանկցիայի դատախազի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Նա հեռացվում է դատական նիստերի դահլիճից 20 ժամով, հաջողություն ձեզ»:
Դատական նիստերի դահլիճից հեռացվելուց առաջ Գագիկ Եղիազարյանը բարձրաձայն հայտարարեց. «Հայաստանի բոլոր դատախազներն ու դատավորները «մինի մեջլիսի» ներկայացուցիչներ են»:
Պավել Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ ասաց, որ դատական տուգանքն ուղղված է կոնկրետ ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների պաշտպանների դեմ, և դատարանը ևս այստեղ անելիք ունի:
Հարություն Բաղդասարյանն ասաց, որ ինքը ևս գործադուլ է հայտարարել, պարզապես դատարան է ներկայացել այդ ամենն ասելու և դահլիճը լքելու համար:
Մեղադրող դատախազ Պետրոսյանն ասաց, որ գործի քննության արդարացի իրավունքը ապահովելու տեսանկյունից դատարանը հնարավորություն ունի գործում ներգրավված պաշտպանների չներկայացվածության հիմքով ամբաստանյալներին ապահովել այլ պաշտպաններով:
Դատախազի հայտարարությունից հետո Հարություն Բաղդասարյանը, չնայած դատարանի հորդորին, լքեց նիստերի դահլիճը:
Դատավոր Մակյանն ասաց, որ դատական նիստն առանց պաշտպանների չի շարունակվի, դատարանը չի ողջունում պաշտպանների քայլը, բացի դրանից, լրատվամիջոցների միջոցով տեղեկացել է, որ Փաստաբանների պալատի նախաձեռնող խումը հետաձգել է նախապես փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին պլանավորած գործադուլը.
«Նկատի ունենալով, որ որոշ պաշտպանների վարքն անկանխատեսելի է, որովհետև հնարավոր է՝ մի փաստաբան որոշի մեկ ամիս գործադուլ անել, ապա դատարանը դիմում է Հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի հանրային պաշտպաններով ապահովվեն այն ամբաստանյալները, որոնց պաշտպանները չեն ներկայացել»:
Դատական նիստը հետաձգվեց;
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն ընդունել է Կառավարության ներկայացրած Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որտեղ ներառված է նաև փաստաբաններին ու դատախազներին դատական տուգանքի ենթարկելու մասին դրույթը, համաձայն որի՝ փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով:
Համաձայն օրենքի՝ տուգանքի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:










