Գարեգին Բեկչյանը հեռացավ Թուրքիայից. ստամբուլահայերը ճանապարհել են արքեպիսկոպոսին (լուսանկարներ)
Լուսանկարները՝ ստամբուլահայ լուսանկարիչ Մուրադ Էզերի
Ստամբուլի հայ համայնքը նախօրեին հրաժեշտ է տվել Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնաթող տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին, որը վերադարձել է Գերմանիա:
Բեկչյանին ճանապարհելու համար օդանավակայան են ժամանել պոլսահայ համայնքի բազմաթիվ գործիչներ, հոգևորականներ, լրագրողներ, մտավորականներ ու պարզապես համայնքի ներկայացուցիչներ:
Հրաժեշտ տալու էին եկել նաև Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, Ստամբուլի Սուրբ Խաչ Դպրեվանքի միության անդամները, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն ու այլք:
Ստամբուլի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ հրաժեշտի խոսքեր են գրել սոցցանցերի իրենց էջերում՝ ափսոսանք հայտնելով Բեկչյանի հեռանալու կապակցությամբ ու նշելով, որ վերջինիս կարիքը շատ են զգալու:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշմամբ՝ Արամ աքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Գարեգին Բեկչյանի ընտրությունն ու նրա պաշտոնակալության շրջանում կայացված բոլոր որոշումները չեղարկվել են:
Նման որոշման կրոնական ժողովը հանգել է օրերս Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:
Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետարանի հրավիրած արտահերթ ժողովում պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների և հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարվել էր, որ ավելի քան 9 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որևէ նոր ընտրության հայ համայնքին գնալ չի թույլատրվի և որ պետությունը հավատարիմ է մնալու իր՝ 2010 թվականին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը:
Թուրքիայից հեռանալուց առաջ Բեկչյանը հրաժեշտի նամակ էր հղել հայ համայնքին՝ նշելով, որ «թեկուզ չուզելով՝ ստիպված եմ լքել Ստամբուլը, որտեղ երջանիկ եմ եղել այստեղ ապրելու ու ձեզ հետ լինելու համար»: Նա նաև շեշտել էր, որ իր՝ պատրիարքարան մուտք գործելու առաջին իսկ օրվանից չստեղծվեցին այն պայմանները, որոնք հարկավոր էին արդար, ճիշտ ու թափանցիկ ընտրության համար:
«Կարիք չեմ զգում շարադրելու դրա բազմաթիվ դրսևորումներն ու օրինակներն այստեղ: Այդ տխրեցնող, վիրավորական օրինակները չեմ ցանկանում ո՛չ հիշել, ո՛չ հիշեցնել: Ցավոք, այն որոշումը, որը թվում է, թե ինձ է թիրախավորում, իրականում նպատակ ունի տապալելու Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրություններն ու արդյունք է բավականին երկար ու լավ ծրագրված մի նախաձեռնության», - գրել էր Բեկչյանը:
















