Քուվեյթը 2 մլրդ դոլար կտրամադրի Իրաքի վերականգնման համար

15:26 • 14.02.18

Քուվեյթը վարկերի և ներդրումների տեսքով 2 միլիարդ ԱՄՆ դոլար կտրամադրի Իրաքի տնտեսության հետպատերազմական վերականգնման համար: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Քուվեյթի էմիր Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին:

«Հայտարարում եմ, որ Քուվեյթը մեկ միլիարդ դոլարի վարկ և մեկ միլիարդ դոլարի ներդրումներ կտրամադրի Իրաքի վերականգնման համար», - ասել է նա մայրաքաղաք Ալ Քուվեյթում Իրաքի հետպատերազմական վերականգնմանը նվիրված միջազգային ներդրումային համաժողովում ելույթի ժամանակ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկուշաբթի մեկնարկած մասշտաբային միջոցառմանը մասնակցում է ավելի քան 70 պետություն և ավելի քան 1.400 ընկերություն:

Նշվում է, որ այսօր անցկացվում է համաժողովի եզրափակիչ նիստը: Սպասվում է, որ դրա ընթացքում կհայտարարվի ֆինանսական օգնության չափը, որը պատրաստ են տրամադրել Իրաքին օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին ասել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հաղթելուց հետո Իրաքի ենթակառուցվածքների վերականգնման համար կպահանջվի 55-100 միլիարդ դոլար: