Ռուսաստանի բանկը պայմանավորվել է ԵԱՏՄ երկրների կենտրոնական բանկերի հետ կիբեռվտանգների տվյալների փոխանակման մասին
Ռուսաստանի բանկը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կենտրոնական բանկերի հետ պայմանավորվել է ֆինանսավարկային ոլորտի տեղեկատվական անվտանգության վտանգների մասին տվյալների փոխանակման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է RNS լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ կենտրոնական բանկի տեղեկատվության անվտանգության և պաշտպանության գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Արտյոմ Սիչովին:
«Կենտրոնական բանկերի բոլոր ղեկավարները հանդես են եկել տեղեկատվության փոխանակման անհրաժեշտության օգտին… Մենք այժմ լուծում ենք դա կազմակերպելու հարցը»,- ասել է Սիչովը:
Մոտ ժամանակներս կարող է ստորագրվել բազմակողմ համաձայնագիր Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ֆինանսական կարգավորիչների հետ: Հարցը, թե տեխնիկապես ինչպես է կազմակերպվելու փոխանակությունը, դեռ քննարկվում է: Սիչովը հույս է հայտնել, որ փոխանակումը կսկսվի համաձայնագրի ստորագրումից հետո՝ երկու ամսվա ընթացքում:










