Թուրք-բելառուսական հարաբերությունները վերածնունդ են ապրում. Լուկաշենկո
Թուրք-բելառուսական հարաբերությունները վերածնունդ են ապրում: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպմանը, հայտնում է БЕЛТА-ն:
«Թուրք-բելառուսական հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում, ես կասեի, վերածննդի փուլում են: Մենք շատ լավ համագործակցություն ենք հաստատել առևտրատնտեսական ոլորտում, իսկ դա ցանկացած հարաբերությունների հիմքն է: Մեզ մոտ, ինչպես երբևէ, քաղաքական լավ հարաբերություններ են»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա փաստել է, որ երկու երկրների հիմնական նախարարությունները և գերատեսչությունները սերտ և արդյունավետ համագործակցություն են հաստատել, իսկ երկրների միջև ապրանքաշրջանառությունը մոտեցել է 1 միլիարդ դոլարին:
«Բայց դա միայն հիմք է թուրք-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացման համար: Եկեք օգտագործենք այդ հիմքը մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու համար: Թուրքիայի հետ համագործակցության համար փակ թեմաներ չկան, մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:











