Չինաստանում գրանցվել է H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը
Չինաստանում գրանցվել է H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը, հայտնում է Soutch China Morning Post-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության համակարգը:
Վարակվածը 68-ամյա կին է, որն ապրում է Ցզյանսու շրջանում: Հիվանդության ախտանշանները նրա մոտ ի հայտ են եկել դեռ 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: Հունվարի 1-ին կինը հոսպիտալացվել է, իսկ երեք շաբաթ անց դուրս գրվել:
Նշվում է, որ մինչև առաջին ախտանշանների ի հայտ գալը, հիվանդը «շփում է ունեցել թռչնի հետ»: Կնոջ կողքին եղած մարդկանցից ոչ ոք չի հիվանդացել:
Չինաստանի իշխանությունները կոչ են արել բնակիչներին որոշ ժամանակ չգնել ընտանի կենդանի և խուսափել այլ թռչունների հետ շփումից:
«Անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենան և լվանալ ձեռքերն այն վայրեր, որտեղ ընտանի կենդանի կա, այցելելուց հետո»,- նշել են Չինաստանի իշխանությունները:










