Իսրայելական հետախուզական ինքնաթիռը ներխուժել է Սիրիայի օդային տարածք. լրատվամիջոցներ
Իսրայելական հետախուզական ինքնաթիռը ներխուժել է Սիրիայի օդային տարածք՝ Դամասկոսից 40 կմ հեռավորության վրա գտնվող Էլ Քունեյթրա քաղաքի շրջանում, այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արաբական Al Mayadeen հեռուստաալիքին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները «կրակ են բացել ինքնաթիռի ուղղությամբ, ինչը ստիպել է նրան լքել երկրի օդային տարածքը»:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Օրեր առաջ իսրայելցի զինվորականներն իրանական անօդաչու են խոցել, որն արձակվել էր Սիրիայի տարածքից և հատել իսրայելական սահմանը: Խոսքն անօդաչուների կառավարման «իրանական համակարգերի» մասին է։ Այդ ժամանակ միացել է սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը։ Դրա արձակած կրակի հետևանքով Իսրայելի հյուսիսային որոշ շրջաններում միացել է օդային տագնապի ազդանշանը։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Իսրայելը կորցրել է 1 հատ F-16 կործանիչ, որի երկու օդաչուներն ինքնանետվել են և տեղափոխվել հոսպիտալ։ Այս առիթով Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն անվտանգության հարցով խորհրդակցություն էր անցկացրել: Իսրայելը սահմանային միջադեպերից հետո փակել էր օդային տարածքի զգալի մասը։










