77 մարդ սպանած Բրեյվիկը հայտարարել է, որ զղջում է կատարվածի համար

14:03 • 16.02.18

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը 21 տարի ժամկետով ազատազրկման մեջ է գտնվում, հայտնել է ապաշխարելու մասին: Այս մասին գրում է VG պարբերականը՝ հղում անելով Բրեյվիկի՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանն ուղղված նամակին:

Ինչպես գրել է Բրեյվիկը նամակում, ինքը ցանկանում է «թողնել ֆաշիստական, նացիոնալ-սոցիալիստական և նեոնացիստական գաղափարախոսությունը» և խոստացել է հետևել բանտի կանոններին:

«Ես զղջում եմ գործողությունների համար, որոնք ձեռնարկել եմ 2011 թվականի հուլիսի 22-ին, և եթե հնարավոր լիներ՝ այնպես կանեի, որ այդ դեպքերը երբեք տեղի չունենային», - գրել է նա:

Հոգեբույժ Հենինգ Վորյոյի կարծիքով՝ պետք չէ վստահել այս հայտարարությանը:

«Ակնհայտ է, որ Բրեյվիկը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել», - ասել է նա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Բրեյվիկը գրել է այս նամակը 2017 թվականի գարնանը, երբ նա դատարանի միջոցով փոխհատուցում է պահանջել մեկտեղանոց բանտախցում պահվելու համար և պարտվել է:

2011 թվականի հուլիսի 22-ին Բրեյվիկը երկու ահաբեկչական ակտ է իրականացրել: Սկզբում նա պայթյուն է իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, ինչի հետևանքով մահացել է ութ մարդ, այնուհետև նա մեկնել է Նորվեգիայի աշխատավորական կուսակցության՝ Ուտոյա կղզում գտնվող երիտասարդական ճամբար, որտեղ կրակելով սպանել է ևս 69 մարդու:

Դատարանը 21 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել Բրեյվիկին. սա առավելագույն ժամկետն է Նորվեգիայում, սակայն այն կարելի է բազմիցս երկարացնել, եթե իշխանությունները դեռ վտանգավոր համարեն բանտարկյալին: