Ջենիֆեր Էնիսթոնն ու Ջասթին Տերուն բաժանվել են. երկրպագուները կանխատեսում են Բրեդ Փիթի հետ վերամիավորում (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ու դերասան Ջասթին Տերուն բաժանվել են 2.5 տարի տևած ամուսնությունից հետո, հայտնում է The Daily Mail-ը՝ աստղի անձնական գործակալի հայտարարությանը հղումով:
Նշվում է, որ բաժանվելու վերաբերյալ որոշումը եղել է փոխադարձ ու կայացվել է տարեվերջին:
Քառասունիննամյա Էնիսթոնն ու 46-ամյա Տերուն նշանադրվել էին 2012թ. և 3 տարի անց գաղտնի պսակադրվել Լոս Անջելեսի իրենց տանը:
Անձնական գործակալը նշել է, որ նախկին ամուսինները շարունակում են միմյանց մեծ սիրով ու հարգանքով վերաբերվել:

Հայտնի է, որ Էնիսթոնին ու Տերուին վերջին անգամ միասին են տեսել Նոր տարուն՝ մեքսիկական հանգստավայրերից մեկում:

Իսկ օրերս դերասանուհին նշել է ծննդյան 49-րդ տարեդարձը, և սոցցանցերում հրապարակած լուսանկարներում Տերուն բացակայում է:

Աղբյուրը հավելում է, որ Էնիսթոնն արդեն վաճառքի է հանել Լոս Անջելեսի Բել Էյր թաղամասում գտնվող համատեղ առանձնատունը: Հատկանշական է, որ վերջերս տված հարցազրույցներից մեկում, Էնիսթոնը պատմել էր, որ իրեն անչափ երջանիկ է զգում ամուսնու հետ այս տանը:

Նշվում է, որ բաժանության լուրի ֆոնին Էնիսթոնի երկրպագուներն ակտիվորեն քննարկում են աստղային շիկահերի ու նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի երջանիկ վերամիավորման հավանականությունը:











