Ըստ մեղադրանքի՝ նախկին պաշտոնյան քաղաքացիներից մեկից $6000, մյուսից $15 000 է ուզել նրանց որդիներին բանակից ազատելու համար
ՀՀ զինվորական դատախազության նախկին պաշտոնյային և նրա հետ գործարքի մեջ մտած 3 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Երևան քաղաքի դատարան և ընդունվել դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթ:
Արմեն Համբարձումյանը, նախկինում աշխատելով ՀՀ զինվորական դատախազությունում և ունենալով զորակոչի կազմակերպման բնագավառի մասնագիտական գիտելիքներ, Արմեն Համբարձումյանը 2015-ին իր ծանոթից՝ Սերգեյ Հակոբյանից տեղեկացել է, որ նա ցանկանում է զորակոչի ենթակա որդուն առողջական խնդիրների առկայության հիմքով ազատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
Արմեն Համբարձումյանը ազատելու հարցը կարգավորելու վերաբերյալ դիտավորությամբ Սերգեյ Հակոբյանին դրդել է 6.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց` վերջիններիս լիազորությունների շրջանակներում իր որդու օգտին գործողություններ կատարելու համար:
Արմեն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին կետի, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասով 1-րդ կետով: Նա կալանավորված է:
Սերգեյ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր որդուն ծառայությունից ազատելու համար 2015թ.-ին դիմել է Համբարձումյանին, ով մի քանի օր անց առաջարկել է խնդիրը կարգավորել համապատասխան պաշտոնատար անձանց 6.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք տալու եղանակով:
Սերգեյ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նմանատիպ գործողություն է կատարել նաև Նվարդ Գևորգյանը: Ըստ մեղադրանքի՝ նա, իր որդու` առողջական խնդիրների առկայության հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հարցը որևէ եղանակով կարգավորելու նպատակով դիմել է իր հարևան Մուշեղ Սարգսյանին, որից 2017թ. փետրվար ամսին տեղեկացել է, որ վերջինիս ազգականը՝ Արմեն Համբարձումյանն առաջարկել է 3 տարի ժամկետով տարկետում տրամադրելու հարցը կարգավորել համապատասխան պաշտոնատար անձանց 15.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք տալու եղանակով:
Նվարդ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Մուշեղ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականին իմանալով, որ հարևանը՝ Նվարդ Գևորգյանը ցանկություն ունի որևէ եղանակով կարգավորել որդուն առողջական խնդիրների առկայության հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հարցը միջնորդել է իր ազգական՝ ՀՀ զինվորական դատախազության նախկին դատախազ Արմեն Համբարձումյանին, ով որոշ ժամանակ հայտնել է, որ կարող է դա իրագործել համապատասխան պաշտոնատար անձանց 15000 ԱՄՆ դոլար կաշառք տալու եղանակով:
Մուշեղ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վերջին երեք քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:










